ՄԻՊ․ Դիմորդներն ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն չունեին

ՄԻՊ․ Դիմորդներն ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն չունեին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը, ուսումնասիրելով 2020-2021 ուստարվա դիմորդների բողոքները և օրենսդրությունը, եկել է եզրահանգման, որ ժամանակային սղությամբ պայմանավորված դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն։

Ընդունելության կարգի վերաբերյալ իրականացվել է իրազեկում, սակայն ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ կառավարության որոշման դրույթները մեծածավալ լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար մատչելի տարբերակով։

«Իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր ժամանակացույց՝ ապահովելով հասանելիություն հավասարապես բոլոր դիմորդների համար: Պետք է հատուկ ուշադրություն դարձվեր գյուղերում բնակվող դիմորդների, հաշմանդամություն ունեցողների իրազեկվածության ապահովմանը։ Աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ ԱԴ հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար կար ողջամիտ կանխատեսելիություն»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել, ՄԻՊ-ին նախագծերը կարծիքի ևս չեն ներկայացվել: Հանրային ոչ բավարար իրազեկվածությունը հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների տեսանկյունից անբարենպաստ հետևանքների:

Ըստ ՄԻՊ հայտարարության՝ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր հաշվի առնել, որ ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքով ու այն էլ կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

«Հաշվի չի առնվել ԱԴ սահմանափակումների պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների ընդունելության հարցը: Ինքնամեկուսացված և մեկուսացված անձինք չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով»,- ասվում է ՄԻՊ իրավական դիրքորոշման մեջ։

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք: Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում

2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դիմորդները միայն մեկ քննություն են հանձնել բուհ ընդունվելու համար։Դիմորդներից շատերը բարձ միավորներ են հավաքել, սակայն բուհ չեն ընդունվել, քանի որ բուհերի ընդունելության գործընթացում մասնագիտությունների մրցույթն անցկացվել է դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության գերակայությամբ: Դիմորդները և նրանց ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ԿԳՄՍՆ և ԱԺ մոտ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---