ՀՀ-ն 3 ինքնաթիռ կուղարկի Լիբանան․ Առաջին թռիչքը՝ օգոստոսի 8-ին

ՀՀ-ն 3 ինքնաթիռ կուղարկի Լիբանան․ Առաջին թռիչքը՝ օգոստոսի 8-ին

PanARMENIAN.Net - Հայաստանը Բեյրութ քաղաքին հումանիտար աջակցություն է ցույց տալու՝ ուղարկելով 3 ինքնաթիռ, որոնք բեռնված են լինելու դեղորայքով և սննդով։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանին օգնելու կապակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ։

Առաջին թռիչքը պլանավորված է օգոստոսի 8-ին երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու, առաջին հերթին, դեղորայքային աջակցություն ցուցաբերել: Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը:

«Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Լիբանան են այցելելու կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները՝ տեղում Լիբանանի և հայ համայնքի կարիքներին ծանոթանալու նպատակով։

«Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ խնդիրներ ենք ձևակերպելու այս փուլում: Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ Լիբանանի վարչապետն օգնություն էր խնդրել բարեկամ պետություններից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---