Սևանից ձկների ապօրինի արդյունահանման և արտահանման սխեմա է բացահայտվել

Սևանից ձկների ապօրինի արդյունահանման և արտահանման սխեմա է բացահայտվել

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ԱԱԾ-ն բացահայտել է մի խումբ անձանց կողմից Սևանից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ-ից ապօրինի արտահանման դեպքեր:

Անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ., առանց համապատասխան թույլտվության Սևանից ապօրինի արդյունահանելով 12,200 կգ «Սևանի սիգ» տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքում գործող ՊՈԱԿ-ի սառնարաններում:

Բացի այդ, անհայտ անձինք 2019-2020 թթ., առանց թույլտվության Սևանից ապօրինի արդյունահանելով 46,689 կգ սիգ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկն իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի Նոր Արտամետ համայնքի սառնարանային տնտեսությունում:

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մոտ երկու տասնյակ խուզարկության արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մի շարք համայնքներում գործող սառնարաններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127,171 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկներ:

Քրգործով 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ԱԱԾ-ն կանխել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում մոտ 4.2 տոննա «Սևանի սիգ» տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» ձկան պահածոներ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---