Սարգսյան․ Սևրի պայմանագիրը երբևէ չի չեղարկվել, այն կարող էր արմատապես լուծել հայկական հարցը

Սարգսյան․ Սևրի պայմանագիրը երբևէ չի չեղարկվել, այն կարող էր արմատապես լուծել հայկական հարցը

PanARMENIAN.Net - Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր և կարող էր արմատապես լուծել հայկական հարցը, պայմանագիրը միջազգային քաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով իրականություն չի դարձել, բայց երբևէ չի էլ չեղարկվել, սիրիական «Ալ-Ազմենահ» թերթին հարցազրույցում դրա 100-ամյակի վերաբերյալ հարցին արձագանքել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Սևրի պայմանագիրը կնքվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին։ Ստորագրվել է Սուլթանական Թուրքիայի և Առաջին համաշխարհայինը հաղթած երկրների միջև։

Սարգսյանը նշել է, որ Սևրի պայմանագիրը նախորդել է 1920-ի փետրվար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովին, որտեղ ընդունվել էր քաղաքական որոշում մեկ միասնական հայկական պետություն ստեղծելու մասին։

«Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել: Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև դե ֆակտո գործող փաստաթուղթ է, քանի որ դրա վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարևելյան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնավորապես՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ պայմանագիրը չեղարկող որևէ կետ չկա նաև 1923-ին Լոզանի պայմանագրում։

Նախագահը հիշեցրել է, որ Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին)։ Պայմանագրով նախատեսվում էր ընդունել Վիլսոնի որոշումն անմիջապես, նաև բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---