«Արեւելյան գործընկերությունը» վեց հետխորհրդային երկրներին կդարձնի ԵՄ գերիները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում ԵՄ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությանը: Այդ մասին «Միջազգային կազմակերպություններում անդամությունը ինքնուրույն պետությունններին ճնշելու գործի՞ք է, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Սերգեյ Մարկովը: «Ռուսաստանին չառաջարկեցին մասնակցել այդ նախագծին, մինչդեռ վեց հետխորհրդային երկրները, որոնք սերտ կապված են ՌԴ հետ, ներգրավված են այդ նախաձեռնության մեջ: Հասկանալի է, որ այդ ծրագրի միջոցով ԵՄ ցանկանում է այդ երկրները դարձնել Եվրոպայի մերձավոր արտասահման»,- նկատեց Մարկովը: Ռուս պատգամավորի խոսքով, Ռուսաստանը ծայրահեղ հետաքրքրված է «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության մեջ ներգրավված երկրների հետ հարաբերությունների պահպանման եւ զարգացման հարցում, եւ վստահ է, որ այդ ցանկությունը երկկողմանի է: «Եվրոպան վեց երկրներին ճնշման է ենթարկում` նրանց կանգնեցնելով ընտրության առջեւ` դուք կա'մ ԵՄ հետ եք, կա'մ Ռուսաստանի»,- նկատեց Մարկովը: Նա ընդգծեց, որ ԵՄ նման քաղաքականությունը հանդիսանում է քաղաքականություն «զրոյական գումարով»: «Այդ նախաձեռնությունն այդ երկրներին դարձնում է Եվրոպայի քաղաքականության գերին, եւ նրանք, ավելի լավ է, հրաժարվեն դրանից»,- ամփոփեց Սերգեյ Մարկովը:



Եվրամիության արտաքին կապերի եւ քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները հայտնել է, որ Ռուսաստանը կարող է հրավիրվել «Արեւելյան գործընկերություն»: Ընդ որում, նա ճշտել է, որ «Արեւելյան գործընկերությունը» ԵՄ քաղաքականությունն է Եվրոպական միությունից արեւելք տեղադրված գործընկեր-երկրների, այն է` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդավիայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հանդեպ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---