Կապիտան Սանամյանին՝ հերոսի կոչում, ևս 199 զինծառայողի՝ պետպարգևներ

Կապիտան Սանամյանին՝ հերոսի կոչում, ևս 199 զինծառայողի՝ պետպարգևներ

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 18-ի հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար ՀՀ պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայող պարգևատրվել է պետպարգևներով:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել ԶՈւ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով, ինչպես նաև տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։

Ազգային հերոսի կոչում ունի 18 անձ՝ քաղաքական, մշակութային, ռազմական, հոգևոր գործիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։

 Ուշագրավ
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
---