ՀՀ-ում հարցվածների 54%-ի տնտեսական վիճակը պանդեմիայի արդյունքում վատթարացել է

ՀՀ-ում հարցվածների 54%-ի տնտեսական վիճակը պանդեմիայի արդյունքում վատթարացել է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության շրջանակում հարցվածների կեսից ավելին (54%) նշել է, որ իր տնտեսական վիճակը վատթարացել է համավարակից ի վեր, ինչի պատճառով կորցրած եկամուտը վերականգնելու նպատակով սկսել են ծախսել ավելի քիչ գումար անհրաժեշտ պարագաների, այդ թվում ՝սննդի վրա:

Հարցումն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) հունիսի 21-29-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ ուսումնասիրության՝ համավարակը ներկայում ընկալվում է որպես երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիր (36%), որին հաջորդում է գործազրկությունը (33%): Հարցվածների մոտ մեկ երրորդը (35%) համավարակի բռնկման պատճառով կորցրել է աշխատանքը, կամ կրճատվել են աշխատաժամերը կամ եկամուտը:

Ըստ հարցվածների 39%-ի՝ սահմանափակումներ չպետք է կիրառվեն նույնիսկ եթե Հայաստանում աճեն կորոնավիրուսի նոր դեպքերը: 66%-ը կարծում է, որ տնտեսությունը պետք է գերակա լինի առողջապահական մտահոգություններին։

Ուսումնասիրության եզրակացության մեջ նշվում է, որ հետազոտությունը ցույց տվեց՝ հարցվածների մեծամասնությունը հավանություն է տվել կառավարության աջակցության միջոցառումներին։ Մեծամասնությունը նաև վստահում է պետական կառույցներին, այդ թվում՝ առողջապահական համակարգին և ոստիկանությանը:

Շատերը կարծում են, որ կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարում կառավարության՝ քաղաքացիներին ուղղված աջակցության փաթեթները լիովին բավարար են (19%) կամ ավելի շուտ բավարար են (34%)։ Գործադիրի աջակցության նախընտրելի միջոցառումների շարքում վարկային վճարների (մարման ժամկետների հետաձգումը) ստացել է ամենաշատ պատասխանները (27%), որին հաջորդում է կոմունալ վճարումների սուբսիդավորումը (24%):

Հարցվածների ճնշող մեծամասնությունը (65%) նշել է, որ իրենք և իրենց ընտանիքները կորոնավիրուսի սոցիալական ազդեցությունը մեղմելու համար կառավարության կողմից ձեռնարկված աջակցության ոչ մի միջոցառումից չեն օգտվել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---