Ավանդույթի ուժից մինչև «տուտուզիկին տալ» ու սադիզմ. Ինչու են ծնողները ծեծում երեխաներին

Ավանդույթի ուժից մինչև «տուտուզիկին տալ» ու սադիզմ. Ինչու են ծնողները ծեծում երեխաներին

PanARMENIAN.Net - Տատս ծեծում էր քեռուս, երբ վերջինս երեխա էր: Ծեծում էր հաճախ, ցավոտ, մինչև կապտուկներ: Նույնիսկ հատուկ գործիք ուներ դրա համար՝ լվացքի փայտը, որի թաց լինելն ավելի ցավոտ էր դարձնում ծեծը: Իսկ մայրիկիս չէր ծեծում, դե աղջիկ էր, համ էլ թույլ սիրտ ուներ. այսպիսի հայկական սեքսիզմ: Չնայած մայրս 1-2 դեպք է մտաբերում, երբ թույլ սրտով աղջիկ լինելը նրան չէր փրկում, լվացքի և հատակի փայտերը գործի էին դրվում: Տատս վատ մարդ չէր, նույնիսկ հակառակը՝ բարի, հոգատար, երեխասեր, բայց երեխաներին ծեծելու մեջ որևէ վատ բան չէր տեսնում, նորմալ պրակտիկա էր համարում: Մայրս ու քեռիս էլ վատ երեխաներ չէին, փոքրիկ հանցագործներ չէին. մայրս բավականին պասիվ էր ու շատ խելոք, քեռին՝ չարաճճի, կատակելու ու հորինելու վարպետ, բայց ոչ չարակամ: Ընդ որում, քեռուս տատիկս ավելի շատ էր սիրում՝ ավելի շատ սիրում, ավելի շատ ծեծում: Մորս՝ հակառակը: Այսպիսի պարադոքսալ իրավիճակ: Թե ինչպես է մեծ սերն ու «մեծ ծեծը» այդպիսի ներդաշնակությամբ տեղավորվում որոշ մարդկանց գիտակցության մեջ, դժվարանում եմ հասկանալ:

Կա մի քանի հիմնական պատճառ, որով ծնողներն առաջնորդվում են երեխաներին ծեծելիս:

Բնազդային ռեակցիա. այդպիսի բան կնկատեք, երբ երեխան վտանգավոր իրավիճակում է հայտնվում, իսկ ծնողն ի պատասխան ագրեսիա է կիրառում: Օրինակ՝ երեխան հազիվ է պրծնում մեքենայի տակ ընկնելուց, իսկ մայրն այդ պահին բռնում է նրան ու ծեծում. ծնողի մեջ խոսում է վախը:

Ավանդույթի ուժը. շատ հաճախ մարդիկ ծեծում են իրենց երեխաներին, որովեհտև «ձևն այդպես է», «էդ ո՞ւմ չեն ծեծել», «մեր ծնողներն էլ մեզ էին ծեծում»: Ու պատճառը կապ չունի՝ վատ գնահատականից մինչև աղմկելով խաղալ:

Ծուլության, հոգնածության, անզորության հետևանք. հաճախ ծնողները հավես, ժամանակ ու ցանկություն չեն ունենում երկար դաստիարակչական զրույցների համար և մեկ անգամ «տուտուզիկին տալով» փորձում են ավելի արագ «տեղ հասցնել» ասածը: Որոշ դեպքերում ծնողները զգում են սեփական անզորությունը, և, ինչպես ասում են, նյարդերը տեղի են տալիս: Սա մեզ մոտ թերևս առավել տարածված և ընդունելի տարբերակն է, նույնիսկ ծեծ չի համարվում՝ «դե ո՞վ տուտուզիկին չի կերել»:

Սադիզմ. երբ ծնողն ուղղակի հաճույք է ստանում բռնության ակտից: Այո՛, լինում են այդպիսի ծնողներ: Սրա հետևանքները կարող են անդառնալի լինել թե՛ զոհ-երեխայի, թե՛ հենց դահիճ-ծնողի համար:

Ինքնահաստատման փորձեր. երբ ծնողն իր կյանքից այդքան էլ գոհ չէ՝ տանը երջանիկ չէ, աշխատավայրում ոչ ոք է, ընկերներ առանձնապես չունի: Իսկ այստեղ՝ հենց իր ձեռքի տակ, իր իշխանության մեջ գտնվում է թույլ էակ, որից կարելի է այդ ամենի մուռը հանել, որի ներկայությամբ կարելի է լինել ուժեղ տղա/աղջիկ:

Չստացված անձնական կյանք. երբ ծնողների միջև չկա սեր և հարգանք, կամ երբ ծնողներից մեկը միայնակ է մնացել երեխայի հետ և իր անձնական կյանքն ավարտված է համարում, շատ հաճախ սկսում է պրոեկտել դա երեխայի վրա: Ի վերջո, դժբախտ մարդիկ միշտ չէ, որ ուժ են գտնում երջանկացնելու հարազատներին:

Տատիկիս դեպքում երևի թե վերջին պատճառն էր: Նա և պապս իրար հետ 40 տարուց ավելի ապրեցին, բայց սեր չկար, ինչպես և չկար հարգանք (վերջինս հայտնվեց միայն շատ մեծ տարիքում, երբ ոչինչ այլևս իմաստ չուներ): Ինչպես և շատ հայ ընտանիքների, նրանց իրար հետ պահում էին «ձևն այդպես է» և «ինչ կասեն հարևանները» պատճառները՝ 2 հենասյուն, որոնց վրա հայկական իրականության մեջ շատ բան է կառուցված՝ ընտանիք կազմելուց ու երեխա ունենալուց մինչև բուհ ընդունվելու ու մեքենա գնելու որոշում: Երկուսի մոտ էլ դա երկրորդ ամուսնությունն էր, արդեն իսկ ամուսնալուծվելու թույլատրելի լիմիտը սպառված էր, իսկ 30-ից հետո ընտանիք կազմելու շանսերը փոքր էին, իսկ երրորդ անգամ՝ գրեթե 0: Եվ նրանք նախընտրեցին ապրել երկար ու դժբախտ՝ մեծացնելով երեխաներին «լիարժեք ընտանիքում»: Այժմ մայրս ու քեռիս սիրով, բայց և տխրությամբ են հիշում ծնողներին՝ գիտակցելով, որ կյանքը կարող էր այլ կերպ դասավորվել, իսկ բազում տարիների վեճերի, սթրեսի ու ծեծի փոխարեն կարող էր լինել իսկապես անհոգ մանկություն, որը ծանր հետք չէր թողնի իրենց ամբողջ ճակատագրի վրա:

Ո՞րն է երեխայի համար ավելի լավ՝ երկու ծնողի առկայությո՞ւնը, թե՞ ներդաշնակությունն ընտանիքում: Ի վերջո, ընտանիքը դրանում եղած անդամների քանակով չէ որոշվում, այլ տանը տիրող մթնոլորտով: Իսկ երեխան ծնողին ոչնչով պարտական չէ, նրան լույս աշխարհ բերելու որոշումը մեծահասակն է կայացրել: Երեխան չի ծնվում ծնողի կյանքը կարգավորելու, նրա խնդիրները լուծելու, ընտանիքն ամրապնդելու, ծնողի շարունակությունը դառնալու կամ չստացված երազանքներն իրագործելու համար, երեխան այս աշխարհ է գալիս՝ առանձին անհատ դառնալու, սեփական կյանքն ու ուղին կերտելու համար: Եվ ծնողի գործն է օգնել նրան մարդ դառնալ՝ հնարավորինս երջանիկ ու հասարակությանը պիտանի: Ու ոչ ոք չի խոստացել, որ մարդ կերտելու ուղին լինելու է հարթ ու թեթև, բայց մի բան հաստատ է՝ այդ ուղին չպետք է կերտվի ագրեսիայով ու բռնությամբ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---