Նախագահը գիրք է գրում «քվանտային քաղաքականության մասին»․ Ի՞նչ է դա

Նախագահը գիրք է գրում «քվանտային քաղաքականության մասին»․ Ի՞նչ է դա

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական Financial Times պարբերականում հրապարակել է «քվանտային քաղաքականության» իր պատկերացումների մասին հոդված։ Հոդված գրելու առաջարկ է արել պարբերականի խմբագիրը։

Նախագահը պատմում է, որ նախկին կյանքում՝ մինչև դիվանագիտությամբ ու քաղաքականությամբ զբաղվելը, ֆիզիկոս է եղել։ Գիտությունը շարունակում է մնալ իր առաջին սերը: Այն ձևավորել է նաև նախագահի պաշտոնում իր մոտեցումը` ամրապնդելով այն համոզմունքը, որ այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու համար կարիք կա «քվանտային քաղաքականության»։

Նա նշում է, որ քվանտային աշխարհում փոփոխությունը շատ ավելի արագ է լինում, անկանխատեսելի և տարբերվող ձևերով: Իսկ առանձին մասնիկը կամ, առանձին անհատը, այսօր շատ հզոր է։

«Եթե մենք սկսենք այս աշխարհի մասին մտածել որպես քվանտային աշխարհի, ապա իրադարձությունների ետևում մենք կգտնենք տրամաբանություն և կկարողանանք հավանականության որոշակի աստիճանով կանխատեսել դրանք: Համավարակը չէ այն մարտահրավերը, որին պետք է դիմակայենք: Այո, այն ողբերգական է, բայց մենք կսխալվենք, եթե համավարակը համարենք եզակի երևույթ, որը այլևս չի կրկնվի»,- գրում է նախագահը:

Նրա խոսքով՝ իր ամենատարրական իմաստով համավարակը դիլեմա է բոլոր երկրների համար՝ տնտեսությո՞ւն, թե՞ մարդկային կյանքեր: Այո, տնտեսական կյանքը չպետք է կանգ առնի, սակայն անհատական պատասխանատվությունը և առողջ բանականությունը պետք է գերակշռեն: Հայաստանը հարուստ երկիր չէ, և ժողովուրդը պետք է աշխատի ընտանիքը պահելու համար։ Բայց նաև պետք է շարունակի զգոն մնալ, քանի որ համավարակն իր գագաթակետին դեռևս չի հասել:

Սարգսյանը ցավ է ապրում, որ բնակչության մեկ շնչի հաշվով համավարակն ավելի ծանր է եղել Հայաստանում, քան այլ երկրներում: Այնուամենայնիվ, ըստ նախագահի, Հայաստանը մեկ բառով՝ լավ է դիմագրավում դրան, երկու բառով՝ ոչ այնքան: Լոքդաունը ծանր է եղել բոլորի համար, բայց նայելով փողոցում զբոսնող մարդկանց, դա չեք զգա: Վերաբերմունքը, կարելի է ասել, անհոգ է` «Կորոնավիրո՞ւս: Ավելի վատն ենք տեսել» վերաբերմունքով: Նրա կարծիքով՝ ամենավատն այն է, որ կորոնավիրուսը դառնում է սովորական։

Սարգսյանը նաև անդրադառնում է դեռ մարտին Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը, ում խնդրել էին դիմակ կրել և սոցհեռավորությւոն պահել։Դեսպանը իրենց խնդրանքը նորմալ էր ընդունել։ Բայց աղմուկ էր բարձրացել, թե շատ խիստ և զգույշ են եղել, անհարմար վիճակի մեջ դրել բարեկամ երկրի դեսպանին․ «Բայց լավ է զգույշ, քան անհոգ...»։

Նա կրտսեր որդու հետ գիրք է գրում, որը կոչվում է «Քվանտային աշխարհ», որն ընդլայնում է քվանտային քաղաքականության հայեցակարգը՝ հասկանալու, թե ինչպես են մարդկության զարգացման և համաշխարհային ռիսկերի դինամիկաները փոխել անորոշություններով լի մեծապես փոխկապակցված այս աշխարհը:

Նրա խոսքով՝ փոխգործակցության և ներգրավման նախկին կանոններն այսօր ավելի քիչ կիրառելի են, քանի որ այսօր գերակշռում են քվանտային կանոնները՝ հանգեցնելով ավելի շատ պատահականությունների և չնախատեսված հետևանքների՝ տեղական, գլոբալ և անհատական: Սա անխուսափելիորեն վերափոխում է ապագայի քաղաքականությունը․ «Եթե մենք քվանտային աշխարհում շարունակենք կիրառել դասական մոդելներ, մենք ահավոր ետ կմնանք»:

«Մարդկության զարգացումը ոչ գծային է՝ ստեղծարար և կործանարար հատկություններով: Համավարակն այս փոխկապակցվածության հետևանքն է, բայց նաև ինքնին մարդկության փոփոխման գործընթաց. եթե այն ճիշտ ուղով ընթանա, մենք կարող ենք այս հնարավորությունն օգտագործել և մարտահրավեր նետել հին համոզմունքներին ու կարծր կառույցներին՝ մշակելով քվանտային աշխարհին հարմարեցված ավելի արդյունավետ համակարգեր»-գրում է նա:

Նրա խոսքով՝ թեև շուրջը ողբերգություն է, բայց երբևիցե ավելի լավ ժամանակ չի եղել բարեփոխելու կրթությունը, օպտիմալացնելու սննդի շղթան, օգտվելու կլիմայական փոփոխությունների այս նպաստավոր պայմաններից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---