Ռեակտորի թրծման կայանքը ՀԱԷԿ է հասցվել

Ռեակտորի թրծման կայանքը ՀԱԷԿ  է հասցվել

PanARMENIAN.Net - Հայկական ատոմային էլեկտրակայանի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման (ջերմամշակման) կայանքը հասցվել է ատոմակայան: ՀԱԷԿ-ը նախապատրաստվում է կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ավարտական փուլի աշխատանքներին, որոնք կանցկացվեն 2021 թվականին, կիրականացվի ռեակտորի թրծում, ինչը թույլ կտա 80-ից 85%-ով վերադարձնել այն ելակետային վիճակին, փոխանցում են «Ռոսատոմից»։

Տեխնոլոգիական եզակի գործողությունը կանցկացվի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի շրջանակում։

Ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է 1987 թվականին, Նովովորոնեժյան ԱԷԿ-ում։ Այժմ գործողությունն իրականացվում է բոլոր կայաններում, որոնցում կատարվում է ժամկետների երկարաձգում։

Ռեակտորի թրծումը՝ շահագործման ընթացքում մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցությունից փոփոխվող ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների վերականգնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ռեակտորի իրանն էներգաբլոկի «սիրտն» է, և հենց դրա ռեսուրսով է պայմանավորված կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը։

Գործողությունը կիրականացնեն «Ռոսատոմի» մի քանի կազմակերպություններ։

Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է մոտ 7 տարվա դադարից հետո։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---