Կաշառքով վարորդականներ տրամադրելու քրգործը դատարանում է

Կաշառքով վարորդականներ տրամադրելու քրգործը դատարանում է

PanARMENIAN.Net - Կոռուպցիոն չարաշահումներով վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ 15 մեղադրյալի ներգրավմամբ քրեական գործը դատարան է ուղարկվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Նախաքննությամբ հաստատվել է, որ ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գ.-ն 2020-ի փետրվարին իր մտերիմ, Գյումրիի բնակիչ, Ս.Գ.-ի հետ պայմանավորվել է կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում:

Ս. Գ.-ն հանձն է առել քաղաքացիների հավաքագրումը, նրանցից, ինչպես նաև միջնորդներից, գումարների ստացումը և դրանց փոխանցումը Ա.Գ.-ին: Վերջինս 2020-ի փետրվար-մայիս ամիսներին, Ս.Գ.-ի օժանդակությամբ, ինչպես նաև 3 անձանց միջնորդությամբ 6 անձից ստացել է ընդհանուր 1,020,000 դրամ կաշառք: Ապա ձևական բնույթ կրող քննություններ ընդունելու պայմաններում, կեղծելով ստուգման թերթիկները, կաշառք տված քաղաքացիներին հնարավորություն է տվել ստանալ տարբեր կարգերի վարորդական վկայականներ։

Բացի այդ, Ս. Գ.-ի դրդմամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն տեսական քննության ժամանակ մեկ անձի հուշել է ստուգման թեստի ճիշտ պատասխանները։

Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և վեց դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ս.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել մեկ դրվագ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փորձ կատարելու և վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:

Եվս 12 անձի տարբեր մեղադրանքներ են առաջադրվել կաշառքներ տալու, կաշառք տալու փորձի և միջնորդության, կաշառքի միջնորդության փորձի, պաշտոնեական փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու հատկանիշներով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---