Տուգանքները՝ կարանտինի պայմաններում

Տուգանքները՝ կարանտինի պայմաններում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում սեպտեմբերի 11-ից գործող կարանտինի պայմաններում կիրառվող սահմանափակումների խախտման համար մի շարք տուգանքներ են սահմանված։ Կարանտինի ընթացքում hավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 50,000 - 200,000 դրամ:

Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելու համար 50,000 – 100,000 դրամի չափով տուգանք է նշանակվում։

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելու դեպքում տուգանքը կկազմի 50,000 - 70,000 դրամ:

Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելն առաջացնում են տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով։

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝

1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.

2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.

3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն այս կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:

Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելու, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելու համար տուգանքը կկազմի 50,000 – 100,000 դրամ:

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում 50,000 – 200,000 դրամ տուգանք կնշանակվի:

Անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքը 10,000 դրամ է։

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ Կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ երկրի ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020-ի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---