Apple-ն արյան մեջ թթվածնի մակարդակը չափող ժամացույց և նոր iPad է ներկայացրել

Apple-ն արյան մեջ թթվածնի մակարդակը չափող ժամացույց և նոր iPad է ներկայացրել

PanARMENIAN.Net - Apple ընկերությունն իր նոր արտադրանքի ավանդական աշնանային շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է «խելացի ժամացույցի» նոր մոդել և նոր iPad։ 2012-ից ի վեր առաջին անգամ նոր iPhone չի ներկայացվել՝ կորոնավիրուսի պատճառով։

Covid-19-ի հետ անմիջական կապ ունի Apple-ի ներկայացրած արյան մեջ թթվածնի մակադարկը չափող ժամացույցը՝ Watch Series 6-ը, գրում է BBC-ն։

Շատ հաճախ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը թթվածնի մակարդակի կտրուկ նվազումն է արյան մեջ, ինչը կապված է թոքերի ախտահարման հետ։

Apple-ը նշում է, որ այդ գործառույթը կարող է թույլ տալ վաղ շրջանում հայտնաբերել շնչառական խնդիրները, սակայն շեշտում է, որ սենսորը «նախատեսված չէ բժշկական կիրառման համար»։ Apple Watch Series 6-ը թույլ կտա նաև մշտապես հետևել սրտի ռիթմին, վերահսկել քունը, այն ունի ավելի վառ դիսփլեյ։

Apple-ը նաև ներկայացրել է նոր iPad Air-ը՝ նոր A14 սերնդի պրոցեսորով։ Այն ավելի հզոր է և ավելի մեծ էներգետիկ արդյունավետությամբ է աշխատում։

Ըստ ընկերության՝ նոր չիպը թույլ կտա պարզեցնել տեսանյութի խմբագրումը 4K թողունակությամբ և կնպաստի համալրված իրականության սկզբունքով աշխատող հավելվածների աշխատանքին։ Բացի այդ, սարքն ունի մատնահետքերի Touch ID սենսոր՝ այն ներկառուցված է այփադի վերին կոճակներից մեկում, դա թույլ է տալիս փոքրացնել էկրանի շուրջ սև շրջանակի չափերը։

Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ամբողջ աշխարհում կտրուկ աճել է պլանշետային համակարգիչների պահանջարկը, քանի որ օգտատերերը սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել տանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---