ՊՆ․ ԿԽՄԿ անդամների՝ Ալավերդյանին այցի խոչընդոտումը Բաքվի կողմից միջազգային իրավունքի խախտում է

ՊՆ․ ԿԽՄԿ անդամների՝ Ալավերդյանին այցի խոչընդոտումը Բաքվի կողմից միջազգային իրավունքի խախտում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունների՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ սպա Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ մարդասիրական իրավունքի շրջանակում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է: Այդ մասին պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը հայտարարել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ հանդիպմանը:

Տոնոյանն անդրադարձել է Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերին և հայտնել նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ:

Միաժամանակ, նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած ջանքերի համար:

Իր հերթին, ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Oգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել: «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---