5 մլն հայ ու ՀՆԱ 20-ապատկում․ Փաշինյանը՝ երկրի 30 տարվա ռազմավարության մասին

5 մլն հայ ու ՀՆԱ 20-ապատկում․ Փաշինյանը՝ երկրի 30 տարվա ռազմավարության մասին

PanARMENIAN.Net - Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է լինի առնվազն 5 մլն, 1․5 մլն նոր աշխատատեղ պետք է ստեղծվի, աղքատությունը պետք է հաղթահարվի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս։

Փաշինյանի խոսքով՝ խնդիր կա մինչև 2050-ը ՀՀ-ում միջին աշխատավարձը յոթնապատկելու, իսկ համախառն ներքին արդյունքը՝ քսանապատկելու։ Նախատեսվում է նաև մինչև 2050 թվականը կյանքի սպասվող տևողությունը հասցնել 90 տարվա, իսկ առողջ ապրելակերպը՝ ազգային հատկանիշ։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ի առջև դրված խնդիրներից է նաև մինչև 2050 թվականը մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակ, աշխարհում 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություն ունենալը։

Անդրադառնալով նման ռազմավարության անհրաժեշտությանը՝ Փաշինյանն առաջարկել է այսօրվան նայել 30 տարի առաջվա աչքերով ու նշել է, որ նման ռազմավարություն պետական մակարդակով չի եղել։ Ըստ վարչապետի՝ նաև դրանով է պայմանավորված ՀՀ-ի այսօրվա ունեցած խնդիրները։

«Հայաստանի վերափոխման ռազմավարությունը մեզ համար շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050 թվականին»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլ նաև վերափոխումների մասին է։

Ըստ Փաշինյանի՝ մինչև 2050-ը ՀՀ-ի վերափոխման ռազմավարությունը պետք է հիմնված լինի պետության հավիտենականության գաղափարի վրա, արժևորի ՀՀ քաղաքացուն, ազգային, պետական ինքնության կերտման, համահայկական ներուժի օգտագործման և մի շարք այլ արժեքների վրա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---