Հարությունյանը՝ Քոչարյանին․ Կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս

Հարությունյանը՝  Քոչարյանին․ Կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կերազեր լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս։ Հարությունյանը Հանրայինի եթերում պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Արցախի ղեկավարը ենթարկվում է Հայաստանի իշխանություններին։

«Նախ ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս, դա մեր բոլորիս երազանքն է, բայց դրան հասնելու համար շատ երկար ճանապարհ դեռ կա, իսկ մեր գործընկերային, արժանապատիվ հարաբերությունները թող ոչ մեկը կասկածի տակ չդնի, այս հարաբերությունները նպաստում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի, սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ պաշտոնավարման մի քանի ամսում ավելի մեծ ներգրավվածություն է ունեցել երկու երկրի անվտանգային ծրագրերին, քան նախկին ղեկավարները։

«Երևի ենթակա ասելով նա նկատի ունի, որ ես իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ավելի շատ եմ հանդիպել ՀՀ վարչապետի հետ, քան Արցախի ցանկացած նախագահ Հայաստանի ցանկացած նախագահի հետ իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում: Երևի նա նկատի ունի, որ նախկինում ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր չեն եղել, հիմա լինում են»,- ասել է ԱՀ նախագահը:

Հարությունյանն ասել է, որ տեղյակ է եղել ՀՀ նախկին և ներկա իշխանությունների վերաբերմունքին Արցախի իշխանություններին։

«Ես ժամանակին եղել եմ Արցախի խորհրդարանի ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ նրան ասել եմ, որ Արցախի ֆինանսական համակարգը զարգացնելու համար պետք է ԱՀ կառավարությունը թողարկի ֆինանսական պարտատոմսեր, պատասխանը չեմ ասի»,- հայտարարել է նա։

Ըստ Հարությունյանի՝ այժմ Արցախի ֆինանսական համակարգը համարվում է ՀՀ ֆինանսական համակարգի մի մաս, բայց այժմ շատ ավելի մեծ ինքնուրունություն ունի քան երբևէ:

Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահ է ընտրվել 2020-ի ապրիլի 15-ին։ Նրա օգտին քվեարկել էին ընտրողների 88%-ը։ Ավելի վաղ՝ 2020-ի հունիսին, Հարությունյանը հայտարարել էր, թե 2016 թվականին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ Արցախը կերազեր ունենալ այն նույն զենքերից, որոնք ձեռք է բերել 2019-ին։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---