ՀՊՏՀ դասախոսները ցույց են անում կառավարության մոտ

ՀՊՏՀ դասախոսները ցույց են անում կառավարության մոտ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության դիմաց: Նրանք պահանջում են, որ ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանը նշանակվի ռեկտորի պաշտոնում։

Հուլիսի 17-ին համալսարանի ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը վարույթ էր հարուցել նրա նկատմամբ: Գալոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը հարձրագույն որակական հանձնաժողովի որոշմամբ անվավեր է ճանաչվել։

«Մենք որևէ քաղաքական պահանջ չունենք, ցանկանում ենք, որ մեր օրինական ընտրված ռեկտորը նշանակվի ռեկտորի պաշտոնում», - հայտարարել է ՀՊՏՀ կազմկոմիտեի անդամներից մեկը, գրում է Aysor.am-ը։

Բողոքի ակցիային մասնակցում է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը նաև դասավանդում է ՀՊՏՀ-ում։

Ըստ կազմկոմիտեի՝ արդեն մոտ 2 տարի է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։

«Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ: Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և ԿԳՄՍ նախարարին, և ՀՀ կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել», - ասվում է տարածած հայտարարության մեջ։

Գալոյանը ռեկտորի պաշտոնին փոխարինել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, որը պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների՝ «գրագողության» պատճառով։

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---