ՀՊՏՀ-ում ուս.գործընթացը ժամանակավորապես դադարեցվում է

ՀՊՏՀ-ում ուս.գործընթացը ժամանակավորապես դադարեցվում է

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել համալսարանի կոլեկտիվի կազմկոմիտեն։

«Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։

Оգոստոսի 28-ին ՀՊՏՀ գիտխորհուրդը դիմել է և վարչապետին, և ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու օրինական ընտրված ռեկտորը մինչ օրս նշանակված չէ պաշտոնում։ Սեպտեմբերի 22-ին համալսարանի աշխատակիցները և ուսանողները երթ են իրականացրել դեպի կառավարություն՝ այս հարցով պարզաբանում ստանալու համար, սակայն մինչ այս պահը ՀՊՏՀ-ն չի ստացել որևէ պատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԿԳՄՍ նախարարին և կառավարության ներկայացուցիչներին հրավիրում են համալսարան՝ ծանոթանալու ՀՊՏՀ կոլեկտիվի դիրքորոշմանը։

Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնին փոխարինել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, որը պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների՝ «գրագողության» պատճառով։

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---