Իսրայելցի գիտաշխատող․ Ադրբեջան մեկնած գրոհայինները հայտնի են դիակապտությամբ ու հարբեցողությամբ

Իսրայելցի գիտաշխատող․ Ադրբեջան մեկնած գրոհայինները հայտնի են դիակապտությամբ ու հարբեցողությամբ

PanARMENIAN.Net - Իսրայելա-պաղեստինյան հետազոտական կենտրոնի գիտաշխատող և Պրինսթոնի համալսարանի դոկտորանտ, Մերձավոր Արևելքի ուսումնասիրությամբ զբաղվող Էլիզաբեթ Ցուրկովը գրում է, որ Թուրքիայի ձեռքով ենթադրաբար Ադրբեջան մեկնած սիրիացի գրոհայինները հայտնի են դիակապտության, հարբեցողության և կանանց շահագործելու իրենց սովորություններով։

Ըստ նրա՝ Սիրիայում գործող տասնյակ զինյալներ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի միջոցով լքել են Սիրիան անհայտ ուղղությամբ։ Նա չի պնդում, որ այդ մարդիկ Ադրբեջան են մեկնել կամ հասել այնտեղ, բայց, իր տեղեկություններով՝ նրանց ճնշող մեծամասնությունը «Սիրիայի ազգային բանակ»* (SNA) խմբավորումից է։

*Թուրքիան Սիրիայի հյուսիսում գրաված իր տարածքներում 2017-ին նոր զինված խմբավորում է կազմավորել, որը տեղում գործող տարբեր մանր խմբավորումների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման միավորումն է:

Գիտաշխատողը գրում է, որ ճանաչում է մի քանի տղամարդկանց և նրանց հարազատներին, ովքեր գործարքի տակ ստորագրել են և լքել երկիրը, սակայն հասել են արդյոք Ադրբեջան, թե՝ ոչ, հաստատում չունի։

«Հանուն հայերի՝ ես հույս ունեմ, որ նրանք Ադրբեջանում չեն»,- նշել է նա՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի։

Նշվում է, որ այս տղամարդկանց հաճախ թյուրիմացաբար բնութագրում են որպես «ապստամբներ» կամ «ընդդիմություն», բայց, ըստ իր ուսումնասիրությունների, նրանց մեծամասնությունը կապ չունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի հետ, նրանք հավաքագրվել են աշխատավարձի դիմաց 2016 թվականից՝ «Իսլամական պետության» և ապա նաև քրդական YPG-ի դեմ պայքարի համար;

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ այս մարդիկ զբաղվում են համակարգային թալանով, շորթմամբ, փրկագնի դիմաց մարդկանց առևանգելով, մարդկանց, ծխախոտի, զենքի և թմրանյութերի կոնտրաբանդայով։ Իսկ Լիբիայում նրանք ավելի շատ են սկսել օգտագործել ալկոհոլ և շահագործել իրենց մարմինը վաճառելու պատրաստ հուսահատ կանանց։

Ըստ Ցուրկովի՝ նրանց հեռախոսները վերցրել են ենթադրաբար Ադրբեջան մեկնելուց առաջ, ու զինյալները դիակապտության իրենց սովորության համաձայն կգողանան հեռախոսներ իրենց սպանած հայ զինվորներից՝ այդպիսով՝ մատնելով իրենց ներկայությունը այդ տարածքում։

Նշվում է, որ ամեն դեպքում այս մարտիկները ջիհադիստներ չեն, այլ սովորական վարձկաններ։ Իսկ ըստ ասեկոսների՝ Ադրբեջանում ծառայությունների համար նրանց խոստացվել է անգամ ամսական $2500։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---