Էկոնոմիկայի նախարարություն․ Խաղողն այգում չի մնա

Էկոնոմիկայի նախարարություն․ Խաղողն այգում չի մնա

PanARMENIAN.Net - Խաղողի մթերման գործընթացն Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին ասվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի և մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ում կազմակերպված քննարկման ժամանակ։

Խոջոյանն ընդգծել է, որ եթե մթերումները կազմակերպվեն կանոնակարգված կերպով, ապա լարվածություն չի առաջանա՝ խաղողն այգիներում չի մնա և ամբողջությամբ կմթերվի։

«Նախատեսվող մթերման ծավալն Արարատի մարզում ավելի մեծ է, քան այս պահի դրությամբ խաղողի առկայությունը, սակայն հերթերն ու կուտակումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում։ Եթե բերքահավաքը և մթերումը արտադրողի և վերամշակողի միջև կազմակերպված լինի, ապա այդ օրվա հավաքած խաղողը նույն օրը կմթերվի, ինչի արդյունքում երկուսն էլ կշահեն», - շրջայցերի ընթացքում նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Քննարկման ընթացքում համայնքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ քվոտա։ Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի համայնքների ղեկավարները գործարանի ղեկավարությանը տեղեկացնելու են, թե որքան կկազմի մթերման ենթակա այդ օրվա բերքը, իսկ գործարանն իր կողմից կպարտավորվի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա մթերել գործարան բերված խաղողի այդ խմբաքանակը։

Հավաքագրված տվյալներով գործարանում մթերումները կսկսեն իրականացվել հոկտեմբերի 9-ից, հոկտեմբերի 7-ին և 8-ին կշարունակվի հերթերում կուտակված մեքենաների բեռնաթափումն ու խաղողի ընդունումը։ Մինչ այդ մարզպետը հորդորել է համայնքապետերին հոկտեմբերի 8-ին այդ համայնքներում բերքահավաք չիրականացնել։

Մարզպետը տեղեկացրել է, որ խնդրի նմանատիպ լուծում առաջարկվել է նաև Ոստան համայնքում, որտեղ նույնպես ներկա պահին առաջանում են խաղողով բեռնված մեքենաների կուտակումներ։

Գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և Ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---