10 հոկտեմբերի 2020 - 17:00 AMT
ԱՀ ԱԳՆ․ Ադրբեջանը կրկին ապացուցեց` վտարյալ պետություն է, որը չի կատարում պարտավորությունն անգամ 5 րոպե

Արցախի ԱԳՆ-ն խստագույնս դատապարտել է հրադադարի վերաբերյալ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի խախտումը` հայտարարելով, որ դրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։

«Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակում Արցախի Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։

Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»:

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։