Փաշինյան․ ՌԴ-ից ավելի գործուն և կոնկրետ քայլեր ենք ակնկալում

Փաշինյան․ ՌԴ-ից ավելի գործուն և կոնկրետ քայլեր ենք ակնկալում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և հայկական կողմի ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հարձակվողական գործողությունները կասեցնելու համար:

Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Libération թերթին հարցազրույցում՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան։

Վարչապետը հավելել է, որ մոտավորապես նույն ակնկալիքը կա Ֆրանսիայից:

«Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում»,- ասել է նա։

Անդրադառնալով հրադադարի պահպանման խնդրին՝ Փաշինյանն ասել է․ «Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը»։

Հարցին, թե ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին՝ Փաշինյանը պատասխանել է․ «Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը՝ այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է: Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել»:

Վարչապետը նշել է, որ սա հայ ժողովրդի ցեղասպանության փորձ է և հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպանի:

«Հիմա՝ առավել ևս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության: Այն, ինչ անվանվում է remedial secession: Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որը կլինի Ադրբեջանի հսկողության ներքո»,- ասել է Փաշինյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---