ԵՄ․ ԼՂ բնակչությունը տառապում է հրադադարի չպահպանման պատճառով

ԵՄ․ ԼՂ բնակչությունը տառապում է հրադադարի չպահպանման պատճառով

PanARMENIAN.Net - Եվրամիությունը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումները, որոնք հանգեցնում են ԼՂ քաղաքացիական բնակչության տառապանքին ու սրում պետությունների միջև հակամարտությունը, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եվրամիությունը ողջունում է հումանիտար հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 18-ին՝ 00։00-ից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների միջամտությամբ։ ԵՄ-ն դատապարտում է այն հանգամանքը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, հաղորդվում է ԼՂ-ում ու դրա շուրջ ռազմական գործողությունների մասին»,- հայտարարել է նա։

Հոկտեմբերի 17-ին հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այն կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։

Նշվել է նաև, որ հրադադարի խախտումն ուղեկցվում է ԼՂ քաղաքացիական բնակչության մեծ տառապանքներով և սրում պետությունների միջև կոնֆլիկտը՝ «էլ ավելի բարդացնելով վերքերի բուժումը»։ Բորելը նշել է, որ հակամարտությունն ուղեկցվում է «քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ ու անընդունելի զոհերով»։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները՝ անկախ նրանից՝ ով է դրանք իրականացնում։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և հորդորել, որ կրակի դադարեցումը պետք է լինի առանց նախապայմանների ու խստորեն պահպանվի երկու կողմում։

Զրույցներում նաև ընդգծվել է խաղաղ բնակչության դեմ հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։

ԵՄ-ից նշել են, որ շարունակում են հետևել իրավիճակին և պատրաստակամ լինել հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար կողմերին աջակցելու հարցում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---