Սերժ Սարգսյանը՝ Independent-ին․ Հակամարտությունը երբեք սառեցված չի եղել, Ադրբեջանը միշտ շարունակել է հարձակվել

Սերժ Սարգսյանը՝ Independent-ին․  Հակամարտությունը երբեք սառեցված չի եղել, Ադրբեջանը միշտ շարունակել է հարձակվել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը բրիտանական «The Independent պարբերականին տված հարցազրույցում քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմն ու նրա կողմից սանձազերծված պատերազմը խելահեղություն անվանել։

Սարգսյանն ընդգծել է, որ քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։

«Այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կարող է ստիպել հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում: Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով»,-ասել է Սարգսյանը։

Ըստ նրա` Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստացել է իր ժողովրդին, որ երբ ցանկանան, կարող են շատ արագ գրավել Արցախը։ Սակայն հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը` ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններին, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ։

Սարգսյանն ասել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը ոչ միայն մեծ աջակցություն են ցուցաբերում ադրբեջանական հարձակումներին, այլև վկայում են, որ ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումներն ընդունվում են համատեղ:

Լրագրողի դիտարկմանը, թե Սարգսյանին հաջողվել է 25 տարվա ընթացքում զսպել հակամարտությունը, բայց նրա իրավահաջորդի իշխանության օրոք արդեն երկու մեծ բախում է տեղի ունեցել, Սարգսյանն ասել է, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները, ընդգծելով, որ Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներսում համախմբված լինել։

«Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---