Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի կազմում` խորապես մտահոգված ենք հրադադարի խախտումներով

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի կազմում` խորապես մտահոգված ենք  հրադադարի խախտումներով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը անդրադառնալով ԼՂ իրավիճակին, ասել է, որ ՆԱՏՕ-ն այս հակամարտության մաս չի կազմում և խորապես մտահոգված է հրադադարի շարունակվող խախտումներով, որոնք մարդկային կյանքեր են խլել։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության համար կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, դադարեն տառապանքներն, ու գտնվի խաղաղ կարգավորում։ «Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերն այժմ զսպվածություն ցուցաբերեն, հետևեն հրադադարին և լարվածության թուլացմանը»,-ասել է նա։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր մտահոգությունն է հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անհանգստություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ և առանձնապես՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու առնչությամբ՝ հույս հայտնելով, որ կողմերը կհարգեն հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և կվերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ։

Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանն ու Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

«Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Բոլորը պետք է աշխատեն՝ հասնելու խնդրի կայուն քաղաքական լուծման։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակում են լինել կարևոր»,-ասել է Ստոլտենբերգը։

Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է. «Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության պատմություն ունեն, և այս բոլոր տարիներին Հայաստանը լավ գործընկեր է եղել։ Մենք մեր խաղաղապահներն ունենք Կոսովոյում և Աֆղանստանում, որոնք պայքարում են իսլամիստական ահաբեկչության դեմ։

Լինելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ կցանկանայի մտահոգությունները հայտնել, որովհետև, այնտեղ կա երրորդ կողմ, որը քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Այդ երրորդ կողմը ներգրավված է այդ գործողություններում։ Երրորդ կողմ, որն աջակցել և այս տարածաշրջան է բերել իսլամիստ ահաբեկիչների։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այստեղ լինելով՝ ես չէի կարող չխոսել այդ երրորդ կողմի մասին, որը Թուրքիան է։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին, հասկանա, որ պետք է գտնվի խաղաղ լուծում։ Այդ դեպքում, կարծում եմ, հրադադար կհաստատվի, և դրանից հետո մենք կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, և, ի վերջո, կգտնենք հակամարտության խաղաղ լուծում»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---