Փաշինյան․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումն ընդունելի է մեզ համար

Փաշինյան․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումն ընդունելի է մեզ համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարել խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշել է, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում Հայաստանի պատկերացումներին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը»,-ասել է նա։

Ավելի վաղ Al Jazeera-ին հարցազրույցում, Փաշինյանն ասել էր, որ խաղաղապահների հարցը կարող է քննարկվել գլոբալ որոշման համատեքստում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ PanARMENIAN.Net հետ զրույցում նրա խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ վարչապետի դիրքորոշումը չի փոխվել:

«Վարչապետը միշտ ասել է, որ այդ (խաղաղապահների) հարցը պիտի քննարկվի լուծումների ընդհանուր փաթեթի համատեքստում, այն առանձին քննարկել չի կարելի։ Այս անգամ ևս վարչապետը շեշտել է, որ խաղաղապահների հարցը պիտի դիտարկվի տարածաշրջանային համատեքստում», - նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ «կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը»։

ՀՀ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն նախապայմաններ առաջ կքաշի ռազմական դիտորդների տեղակայման հարցում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---