ԼՂ-ում հոկտեմբերի 26-ին հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածություն կա

ԼՂ-ում հոկտեմբերի 26-ին հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածություն կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել, ըստ որի ԼՂ հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08։00-ից, հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ մասին ասվում է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարության մեջ:

Ըստ դրա՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպմանը վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

«Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- ասվում է հայտարարության տեքստում:

Հայաստանը և Ադրբեջանը երկու անգամ որոշել են մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը, առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին, հումանիտար հրադադարի շուրջ, երկրորդ՝ Ֆրանսիայի միջամտությամբ հումանիտար զինադադարի շուրջ պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 18-ին: Ոչ հրադադարը, ոչ էլ զինադադարն Ադրբեջանի կողմից սադրանքով չեն պահպանվել, Արցախի ուղղությամբ ձեռնարկվել է հարձակում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---