Լավրով․ ՌԴ համար ընդունելի չէ ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

Լավրով․ ՌԴ համար ընդունելի չէ ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը համամիտ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության դիրքորոշմանը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը (AMNA) հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը հավելել է նաև, որ Մոսկվան կոչ է անում Թուրքիային իր ազդեցությունն օգտագործել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և բովանդակային բանակցությունների մեկնարկի համար։

«Լեռնային Ղարաբաղի առումով Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները: Չենք թաքցնում, որ մենք չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ (Թուրքիայի,- խմբ.) դիրքորոշմանը: Բարեկամ և եղբայրական համարելով թե հայ, թե ադրբեջանցի ժողովուրդներին՝ մենք չենք կարող կիսել նման մղումները»,- ասել է ՌԴ նախարարը։

«Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են լարվածության օջախներում հակամարտությունների (ԼՂ-ում, Սիրիայում և Լիբիայում) կարգավորման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մեր մոտեցումները մի շարք վիճահարույց տարածաշրջանային հարցերում կարող են էապես տարբերվել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ, Սիրիայի և Լիբիայի հակամարտություններում:

Լավրովը հիշեցրել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես են գալիս բացառապես քաղաքական կարգավորման օգտին: Նախարարը նշել է նաև, որ հենց այդ համանախագահների եռյակն է միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---