Փաշինյան․ ՄԽ համանախագահ երկրները պետք է մեկտեղեն ջանքերը, ոչ թե առանձին նախաձեռնությամբ հանդես գան

Փաշինյան․ ՄԽ համանախագահ երկրները պետք է մեկտեղեն ջանքերը, ոչ թե առանձին նախաձեռնությամբ հանդես գան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը հարցազրույցում։

«Կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ, որ, Ռուսաստանը՝ մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»,- ասել է Փաշինյանը։

Պատասխանելով միջազգային կառույցների միջամտության մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ այդ կարգի կառույցները շատ հաճախ չունեն բավարար լծակներ՝ իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն ունենալու:

«Սա է պատճառը, որ մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ»,- նշել է նա։

Ըստ վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը և Թուրքիայի ներկայությունն այդ երկրի կողմից հայերի նկատմամբ վարվող ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Փաշինյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը գտնվում է գոյութենական վտանգի ներքո, և հարցի լուծման ամենաճիշտ և պրագմատիկ ձևը «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---