«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության 21-րդ տարելիցն է

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության 21-րդ տարելիցն է

PanARMENIAN.Net - ԱԺ հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպես լռությամբ՝ 21 տարի առաջ կրակոցներ հնչեցին խորհրդարանում։

1999-ի հոկտեմբերի 27-ին դահլիճ ներխուժած հանցագործները հրազենից կրակ բացեցին Ազգային ժողովի և կառավարության ղեկավարների և անդամների վրա: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը:

Զինված խումբը ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը:

Հանցագործների ցուցմունքների համաձայն, նախապես որոշված էր սպանել միայն վարչապետ Վազգեն Սարգսյանին: Մնացած զոհերը, նրանց խոսքով, պատահական էին:

«Ազգի փրկիչները» մտադրվել էին պատանդ վերցված պատգամավորներին ստիպել ինքնաբացարկ հայտարարել և անցկացնել համազգային ժողովրդավարական ընտրություններ: Մինչ ընտրությունները երկիրը պատրաստվում էր ղեկավարել հենց ինքը` Հունանյանը, որն իրեն հայտարարելու էր երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Մշակված պլանը ձախողվել էր միայն սպանության իրականացումից հետո: Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու» հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց: Նրա սպասումներին հակառակ, ժողովուրդը հավանության չարժանացրեց հեղաշրջման փորձը:

Բացի 8 զոհից, ևս 8 հոգի վիրավորվել էր, իսկ ըստ BBC գործակալության աղբյուրների՝ վիրավորների թիվը հասնում էր 30-ի:

Դատավարությունը սկսվեց 2001-ի փետրվարի 15-ին և ավարտվեց 2003-ին: Բոլորը մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության և ահաբեկչության մեջ: Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը, այն հրապարակվեց 2003-ի դեկտեմբերի 2-ին՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա։

Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան եղավ: Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։

2019-ին «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմեց վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Նրա դիմումը մերժվեց։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---