Թրամփի խորհրդական․ Արտաքին ուժերը չպետք է միջամտեն ԼՂ հակամարտությանը

Թրամփի խորհրդական․ Արտաքին ուժերը չպետք է միջամտեն ԼՂ հակամարտությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին ուժերին ձեռնպահ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և սատարում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Այդ մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։

Ըստ Օ'Բրայանի` ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման իրենց պարտավորությունները։

«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Կոչ ենք անում բոլոր արտաքին ուժերին ձեռնպահ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ նպաստելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ բանակցություններին վերադառնալուն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

«Երկու կողմի ժողովրդները լրջորեն տուժել են, իսկ Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական մարտական գործողություններին, կրում է կորուստների հիմնական ծանրությունը»,-ասել է նա։

Իր հերթին, ՀՀ վարչապետն Օ'Բրայենի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը՝ ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:

Ադրբեջանը և Հայաստանը հոկտեմբերի 25-ին երրորդ անգամ և արդեն պաշտոնական ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել: Այն, ինչպես և Մոսկվայի ու Փարիզի միջնորդույթամբ ձեռք բերված նախորդ երկու պայմանավորվածությունը, խախտել էր ադրբեջանական կողմը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---