Ֆիննախը չի բացառում 2021-ի պետբյուջեի նախագծի վերանայումը

Ֆիննախը չի բացառում 2021-ի պետբյուջեի նախագծի վերանայումը

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը չի բացառում 2021-ի պետական բյուջեի նախագծի վերանայման հնարավորությունը։ Այդ մասին նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Ըստ նրա՝ պետբյուջեի նախագիծը կազմվել է մինչև սեպտեմբերի կեսը և հաշվի է առնվել միայն մեկ արտաքին սպառնալիք՝ կորոնավիրուսը։ Այն ժամանակ դեռ ռազմական դրություն չկար, ինչն իր շտկումներն է բերել, գրում է ԱՌԿԱ-ն։

Նա նշել է, որ 2020-ին ԱԺ-ն երկու անգամ վերանայել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։

«Հենց հիմա վերանայել բյուջեն չենք կարող, քանի որ անորոշության աստիճանը, հատկապես պաշտպանական ոլորտում, շատ բարձր է մնում։ Հետևաբար, մենք չենք կարող հիմա շտկումներ կատարել»,- ասել է Ջանջուղազյանը։

Բացի այդ, նա հավելել է, որ դեռևս պարզ չեն շտկումների ուղղությունները՝ անհրաժեշտ կլինի ռեսուրսները գեներացնել պաշտպանական ոլորտի, թե պանդեմիայի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման համար։

Նա նշել է, որ պետբյուջեի ծախսերի մոտ 70%-ն օրենքով նախատեսված պարտավորություններն են, մոտ 15%-ը՝ օրենսդրական ծախսերն են, 10%-ը՝ միջազգային պարտավորությունները, և միայն 5%-ի մասով կարող են փոփոխություններ արվել։

«Քանի դեռ անորոշությունները շատ մեծ են, դեռ չենք կարող խոսել ծախսերի փոփոխման մասին, հատկապես՝ պաշտպանության ոլորտում»,- ասել է Ջանջուղազյանը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ նույնիսկ նման անորոշ վիճակում, անգամ պետբյուջեի վերանայման դեպքում, անհրաժեշտ է առավելագույնն անել՝ պահպանելու ծախսային մասը, ինչը հնարավարություն կտա վերականգնել տնտեսական աճը, հակառակ դեպքում խնդիրները կարող են ավելի խորանալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---