Կապառոս․ Հայ ֆուտբոլիստները պատմություն կերտեցին

Կապառոս․ Հայ ֆուտբոլիստները պատմություն կերտեցին

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլում Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հաղթանակից հետո Նիկոսիայում ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտարարել է, որ տղաները պատմություն կերտեցին։

Ազգերի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու նվաճել հաջորդ խաղարկությունում B լիգայում հանդես գալու իրավունք:

«Շատ ուրախ եմ և շատ գոհ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,- ասել է Կապառոսը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զգացողություններ ունի գրանցված հաղթանակից և դրված խնդիրը կատարելուց հետո։

Նա հավելել է, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի իր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնել, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

«Մենք անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք հրավիրում, ինչը հավաքականի ներսում առողջ մրցակցություն է ստեղծում։ Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգանում է, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է»,- ասել է նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ կորոնավիրուսի պատճառով թիմը մեծ կորուստներ ուներ (4 ֆուտբոլիստ վարակված է, թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս չի կարողացել մասնակցել խաղին) խաղից առաջ՝ Կապառոսն ասել է, որ այդ փաստը բնականաբար ազդեց, բայց իրենք գիտակցում էինք, որ ներկայացնում են մի ամբողջ երկիր։

«Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին»,-ասել է նա։

Հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Հովհաննես Համբարձումյանը, հաղթանակից հետո ազգային ընտրանին 11 միավորով խմբում գրավել է առաջին հորիզոնականը: Հայաստանը խմբում առաջինն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---