20 նոյեմբերի 2020 - 15:18 AMT
ԱՄՆ․ ԼՂ վերջնական կարգավորման ցանկացած տարբերակի հիմքում պետք է լինի Հելսինկյան եզրափակիչ ակտը

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։ Այդ մասին ասվում է ԱՄՆ արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի վերաբերյալ, որը ներկայացրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը։

Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն անկեղծորեն ողջունել է բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ և կարևորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։ Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԱՄՆ-ն տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Հակամարտության գոտում պայմաններն առավել սրվում են կորոնավիրուսի գլոբալ համավարակի հետևանքով, ինչն ակնհայտորեն սրացումներ կունենա, քանի որ առջևում ձմեռ է։ Մենք կողմերին հորդորում ենք սերտորեն աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պահվող անձանց ու աճյունների վերադարձը կազմակերպելու, ինչպես նաև հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ։

ԱՄՆ-ն շոշափելի ներդրում է կատարում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մյուս հասարակական կազմակերպությունների ջանքերին աջակցելու նպատակով հատկացնելով 5 միլիոն դոլար, և ես վստահ եմ, որ ամերիկացի կամավորներն ու աշխատակիցներն իրենց դերակատարումը կունենան հումանիտար ճգնաժամի այս իրավիճակը կարգավորելու գործում»,-ասել է նա, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Նշվում է, որ ԱՄՆ-ում ուշադիր հետևում են զարգացումներին։

«Քանի որ բոլոր կողմերը ԵԱՀԿ անդամներ են և ընդունում են Եզրափակիչ ակտի սկզբունքները, մենք խրախուսում ենք, որ մասնակից երկու պետություններն օգտագործեն ԵԱՀԿ ռեսուրսները, որոնք կօգնեն ԵԱՀԿ սկզբունքների իրագործման ու ԵԱՀԿ առաջ ունեցած պարտավորությունների կատարման հարցերում։

Այս ձգձգված հակամարտության համար տեղի համայնքները շատ բարձր գին են վճարել, և մենք դա գիտակցում ենք։ Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման։ Վստահ ենք, որ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի գոտում տևական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին»,-ասել է դեսպանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: