20 նոյեմբերի 2020 - 18:39 AMT
ՌԴ ԱԻՆ-ը 45 տ շինանյութ կտեղափոխի Ստեփանակերտ, վերականգնողական աշխատանքների համար

ՌԴ ԱԻՆ շարասյունը Երևանից 45 տոննա շինանյութ կտեղափոխի Ստեփանակերտ։ Այդ մասին տեղեկացրել է տարածաշրջանում նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին։

«Դա թույլ կտա ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքների մեկնարկին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացրել է նաև, որ հումանիտար օգնությամբ 2 ավտոշարասյուն է ձևավորվել։ Աշխատանքներին մասնակցում է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամ։

Բացի այդ, նախարարության խմբավորումը շարունակում է տեղի իշխանությունների հետ համատեղ գնահատել վնասը՝ զննելով վնասված շենքերը Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։ Այս պահի դրությամբ ստուգվել է 43 բնակավայր, զննվել ավելի քան 2600 օբյեկտ, որից 2400-ը՝ բնակելի տուն, այդ թվում՝ բազմաբնակարան, և ավելի քան 220 սոցիալական նշանակության օբյեկտ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: