Բեգլարյանը` ՅՈւՆԻՍԵՖ-ին․ Արցախի համայնքներն Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ անտուն են

Բեգլարյանը` ՅՈւՆԻՍԵՖ-ին․ Արցախի համայնքներն Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ անտուն են

PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին երեխաների համաշխարհային օրվա առթիվ՝ նշելով, որ Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն։

Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանի որ հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.): Այս երկու փաստաթղթերը հիմնված են մարդկության կարևոր առաքելության վրա` անվերապահորեն պաշտպանելու երեխաների իրավունքները ցանկացած իրավիճակում` երաշխավորելով նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմանները:

«Այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) երեխաները զրկված են իրենց իրավունքներից, այդ թվում ՝ երեխաների կյանքի, առողջության իրավունքից, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքից, անձնային զարգացման ու պաշտպանության իրավունքից, կրթության իրավունքից և մի շարք այլ հիմնարար իրավունքներից: Նրանք զրկված են իրենց իրավունքներից սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի մոտ 170 (մոտ 70%) համայնքներում դիտավորյալ և չտարբերակված հարվածների է ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ: Քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է առնվազն 50 զոհ և 163 վիրավոր, ներառյալ՝ 1 զոհված և 9 վիրավոր երեխա:

Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաներն իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով առավել անվտանգ վայրերում՝ Արցախում և Հայաստանի տարածքում:

Դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 աշակերտ և նախադպրոցական տարիքի 4036 երեխա:

Ադրբեջանական օկուպացիայի և Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն՝ զրկվելով իրենց իրավունքներից և անհոգ մանկությունից: Բազմաթիվ երեխաներ կորցրել են իրենց հայրիկներին ու հարազատներին, ականատես են եղել հրետակոծությունների, ինչը հանգեցրել է ծանր հոգեբանական տրավմաների և զարգացմանը խոչընդոտող այլ հետևանքների:

Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ ես պատրաստել եմ արտահերթ զեկույց, որում փաստագրել և վերլուծել եմ Ադրբեջանի կողմից Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները:

«Առաջնահերթ համարելով ցանկացած հանգամանքներում երեխաների իրավունքների պաշտպանությունը և ակնկալելով աշխարհի բոլոր երեխաների պաշտպանը լինելու Ձեր վճռական հանձնառությունը՝ Ձեզ եմ ուղարկում վերոնշյալ զեկույցը և խնդրում պատշաճորեն արձանագրել Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,-ասվում է նամակում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---