ՄԻՊ․ Գերիների ու անհետ կորածների հայտնաբերման պատասխանատուն Կառավարությունն է

ՄԻՊ․ Գերիների ու անհետ կորածների հայտնաբերման պատասխանատուն Կառավարությունն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի անունից բանակցություն վարողը Կառավարությունն է՝ իր համապատասխան մարմիններով, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ը նշել է, որ օժտված չէ գերիների վերադարձի կամ անհետ կորածներին հայտնաբերելու, Հայաստանից դեպի Արցախ սահմանային ճանապարհներին վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ։

«Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն և իրազեկում գերիների ու անհետ կորած համարվողների ընտանիքների, ինչպես նաև հանրության հետ»,-հայտնել են ՄԻՊ-ից։

Չնայած դրան՝ ՄԻՊ-ից նշել են, որ աշխատանք են տարել այդ ուղղությամբ ու ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ բոլոր դեպքերը ներկայացվում և քննարկվում են Հայաստանում այլ պետությունների դեսպանների ու միջազգային կառույցների հետ:

«Գերեվարված և անհետ կորած անձանց թեման վերջին օրերին սոցիալական ցանցերում դարձել է դիտավորությամբ կազմակերպված անթույլատրելի շահարկման առարկա՝ մեր հայրենակիցներին գերեվարությունից հետ բերելու և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, Կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումները քողարկելու նպատակով՝ փորձելով նսեմացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ու առաջացնելով այդ աշխատանքի ակնհայտ խոչընդոտներ»,-հայտարարել են ՄԻՊ-ից։

Հայաստանում պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո գերեվարված ու անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար ցույցեր են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի առաջ։ Ավելի վաղ նրանց ընդունել էր ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը, նոյեմբերի 23-ի երեկոյան նրանց մի մասին ընդունելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---