Վարչապետ. Հայ հանրությունը չի աջակցել ընդդիմության ցույցերին և իշխանափոխության կոչերին

Վարչապետ. Հայ հանրությունը չի աջակցել ընդդիմության ցույցերին և իշխանափոխության կոչերին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությունից հետո հայ հանրությունը չի աջակցել ընդդիմության ցույցերին և երկրում իշխանափոխության կոչերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ՏԱՍՍ-ին հարցազրույցում։

«Մեզ մոտ առկա է ներքաղաքական լարվածություն, բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցվող կոչերը հայ հանրության շրջանում լայն արձագանք չեն ստացել։ Ես կարծում եմ, որ իշխանության հարցը, որը ձևավորվել է ժողովրդի կողմից, կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտմամբ։ Փաստն այն է, որ այն կոչերը, որոնք հնչում են ընդդիմության կողմից, հայ հասարակության աջակցությունը չեն ստանում»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ ինքը ևս այնքան էլ գոհ չէ ստեղծված իրավիճակից, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ այլընտրանքներ կան, անհրաժեշտ է աշխատել, որ «իրավիճակն ավելի չվատթարանա, այլ կայունանա, բարելավվի»:

«Հայ հանրությունը համաձայն է, որ այն իրավիճակում, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, չկար ոչ մի իրական այլընտրանք, որը մեզ համար ավելի լավը կլիներ։ Այսինքն, իմ կարծիքով, համոզմամբ՝ հայ հանրության շրջանում ստորագրված փաստաթղթի հենց այդպիսի ընկալում կա: Այլ հարց է, որ մենք դեռ պետք է վերլուծենք, հասկանանք և հարցերի պատասխանենք՝ ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ, և ինչո՞ւ հասանք այսպիսի իրավիճակի»,- ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է՝ երկրի համար առաջնահերթ անհրաժեշտությունը ներկայումս ոչ թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, այլ խնդիրների վրա կենտրոնանալը, իսկ քաղուժերի առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի լիարժեք կայունության և ներքին ու արտաքին անվտանգության վերականգնումը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---