Սինանյան․ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում անջրպետ կա, վստահության սարսափելի ճգնաժամ է

Սինանյան․ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում անջրպետ կա, վստահության սարսափելի ճգնաժամ է

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ Հայաստան-սփյուռք հարաբերություններում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունից հետո անջրպետ է առաջացել: Այդ մասին նա ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում։

«Վստահության սարսափելի ճգնաժամ է: Շատ մեծ աշխատանք է պահանջվում, որպեսզի մենք ոչ թե լոզունգների, ճառերի, այլ աշխատանքի միջոցով, բացատրությունների միջոցով, վստահության վերստեղծման միջոցով կարողանանք հետ բերել իրավիճակը մինչ սեպտեմբերի 27-ի մակարդակի»,-ասել է նա։

Սինանյանը հավելել է, որ այժմ քննարկում է, թե ինչ ձևով, ինչ մեթոդով, որ համայնքի հետ որ մոտեցմամբ պետք է փորձել հաղթահարել այս անջրպետը:

«Թերևս, ֆիզիկապես պետք է գնալ ու ներկայանալ մարդկանց, ներկայանալ իրենց դատին, առերեսվել մարդկանց հետ, տեղում խոսել ու բացատրել: Գիտեք, որոշ բացարձակ ճշմարտություններ կան, օրինակ՝ հենց («Հայաստան») հիմնադրամի հետ կապված, որոնց վերաբերյալ չենք կարող հանրայնորեն մարդկանց պատասխաններ տալ, բայց դրանք բոլորին հայտնի են ու պարզապես հիշեցնել է պետք դրանց մասին: Մարդկանց պետք է տեղում բացատրես, պատասխաններ տաս, որովհետև հարցերը շատ են: Շատ ծանր վիճակում են այս պահին Հայաստան-սփյուռք հարաբերությունները»,-ասել է նա։

Սինանյանը նշել է նաև, որ այսօր շատ ավելի ունենք սփյուռքի կարիքը, քան մինչև սեպտեմբերի 27-ը:

«Մեր գոյությունը կախված է մեկս մյուսից. չլինի սփյուռքն ու նրա ներգրավվածությունը հայաստանյան խնդիրներին, ես չեմ պատկերացնում, թե երկարաժամկետ իմաստով մենք ինչպե՞ս կկարողանանք դրանց տակից դուրս գալ, իսկ եթե չլինի Հայաստանը, սփյուռք չի լինելու»,-ասել է նա։

Նոյեմբերի 26-ին, Գոհաբանության օրը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: Հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ Հեռուստամարաթոնը տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22,990,898 դոլար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---