ՄԻՊ-ը՝ միջազգային հանրության. Բաքուն արհեստական ձգձգում է գերիների վերադարձն ու դիերի փոխանակումը

ՄԻՊ-ը՝ միջազգային հանրության. Բաքուն արհեստական ձգձգում է գերիների վերադարձն ու դիերի փոխանակումը

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրել հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու հետո Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացը:

Հենց այս նպատակով ադրբեջանական իշխանությունները՝ որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է ՝ առանց պատճառաբանության։ Նշվում է, որ այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

ՄԻՊ-ը սեպտեմբերի 27-ից սկսած մշտապես արձանագրել է, որ ՀՀ ու Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումներն ուղեկցվել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով, խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերվածություններով, մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով, որոնք տեղի են ունեցել վարձկան ջհադիստների ու ահաբեկիչների օգտագործմամբ և ատելության կազմակերպված քարոզով:

Պատերազմական գործողությունների ընթացքում և դրանց ավարտից հետո ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերն անարգանքի ենթարկում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Այս ամենն ուղեկցվում է հրճվանք ապրող ադրբեջանական մեկնաբանություններով (այս հետևությունների ապացույցներն ամրագրված են):

Նշվում է, որ ակնհայտ է` ադրբեջանական իշխանությունները խրախուսում են դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

Ըստ ՄԻՊ-ի՝ անհրաժեշտ է իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---