Պեսկով․ Ղարաբաղում գլխավոր չկա

Պեսկով․ Ղարաբաղում գլխավոր չկա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղում գլխավոր չկա, կա երկու հակամարտող կողմ և ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների համաձայնությունը, ռուսական կողմն էլ իր գործողությունները համակարգում է և մեկի, և մյուսի հետ։

«Այնտեղ, այսպես ասած, գլխավոր չկա։ Կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Այդ կողմերը ռուսական կողմի հետ ստորագրել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հայտնի հայտարարությունը։ Եվ, ի կատարումն այդ հայտարարության կետերի, ռուս զինծառայողները, ինչպես նաև ՌԴ հումանիտար առաքելությունը, որը ոչ միայն զինվորականներից է բաղկացած, համակարգում է իր գործողությունները և ադրբեջանցիների, և հայերի հետ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ում հետ են Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները համակարգում իրենց գործողությունները և ով է հիմա այնտեղ «գլխավորը», գրում է ՌԻԱ Նովոստին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---