ԵՊՀ դոցենտ․ Նոր օրենքով բուհերը զրկվում են ինքնավարությունից, քաղաքականացվում ու վերածվում ամորֆ կառույցի

ԵՊՀ դոցենտ․ Նոր օրենքով բուհերը զրկվում են ինքնավարությունից, քաղաքականացվում ու վերածվում ամորֆ կառույցի

PanARMENIAN.Net - «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին Կառավարության որոշումը բուհերին զրկում է ինքնավարությունից, քաղաքականացնում կրթական հաստատություններն ու անուղղակիորեն կրճատում կրիտիկապես փոքր գիտական համայնքը, PanARMENIAN.Net ին ասաց ԵՊՀ դոցենտ, փաստաբան Արսեն Թավադյանը։

Նա առաջարկում է դասախոսներին մինչև օրենքի նախագծի շրջանառությունից դուրս գալը դասադուլ անել, ասում է՝ ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ արդեն միացել են դրան։

Թավադյանի խոսքով՝ նախագիծն իրավաբանորեն անգրագետ է կազմված, չունի զարգացման որևէ տեսլական։ Դիտարկմանը, թե նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն կազմելիս հաշվի են առնվել տասնյակ երկրի, այդ թվում՝ Գերմանիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի փորձերը, ԵՊՀ դոցենտն արձագանքում է՝ «նախ հաշվի չեն առնվել և վերլուծվել մեր երկրի պահանջները: Բացի այդ, հասկանալի չէ` ինչ են փոխառել այդ երկրներից, որովհետև նախագծում գտած շատ կարգավորումներ հակասում են նաև այդ երկրների փորձին»։

Թավադյանն ասում է նաև, որ նախագիծը մոտ 2 տարի է՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում է, մասնագետները մոտ 100 առաջարկություն են արել այն բարելավելու համար, սակայն որևէ էական փոփոխության չի ենթարկվել․ գրեթե բոլոր առաջարկություններն ուղեկցվել են «ընդունվել է ի գիտություն», «կկարգավորվի ենթաօրենսդրական ակտերով» արտահայտություններով։

Ըստ նրա՝ այս նախագծով Հայաստանն ամենաշատը կարող է գնալ Վրաստանի ճանապարհով, որտեղ նմանատիպ քայլերի արդյունքում գիտական ենթակառուցվածքներն իսպառ վերացվել է, գիտական ինստիտուտները՝ հիմքից քանդվել։

«Այսպիսով բուհը դառնում է ամորֆ կառույց»,- նշում է Թավադյանը։

Մասնագետը մեկ այլ խնդրահարույց կետ է համարում բուհի ռեկտորի նշանակումը․ ըստ նախագծի՝ փաստացի ստացվում է, որ ռեկտորի պաշտոնում կարող է նշանակվել ցանկացած մարդ, իսկ նշանակողն օրվա քաղաքական իշխանությունն է։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշումը կառավարությունը կայացրել է դեկտեմբերի 3-ի նիստում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե այն «արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության և կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման արդյունավետության և գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---