Նախագիծ․ Կուսակցություն կարող են ստեղծել նաև 18 տարեկանները, որոշ պահանջներ բարդանում են

Նախագիծ․ Կուսակցություն կարող են ստեղծել նաև 18 տարեկանները, որոշ պահանջներ բարդանում են

PanARMENIAN.Net - Հայաստանում կուսակցություն գրանցելը հեշտացվում է, սակայն գործունեություն ծավալելը բարդանում․ հաշվետվողականության և թափանցիկության պահանջներ են ներկայացվում կուսակցություններին:

Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Ըստ նախագծի՝ կուսակցության ստեղծման մասին որոշուն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրներից առնվազն 100-ը:

Կուսակցության հիմնադիրներ կարող են դառնալ նաև 18 տարեկան քաղաքացիները: Եթե գործող օրենքով կուսակցությունը ստեղծման պահին առնվազն 800 անդամ պետք է ունենար, որոնք կներկայացնեին կամ Երևանը, կամ հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը, ապա այժմ առաջարկվում է միայն ընդգծել, որ ստեղծման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ:

Նախագծով առաջարկվում է արգելել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային կազմակերպությունների և հիմնարկների տեղակայումը կուսակցությանը պատկանող շենքերում և շինություններում:

Կուսակցությունն իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով հնարավորություն է ունենում ստանալու վարկեր ՀՀ տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ երկրի տարածքում գործող բանկերում: Արգելվելու է կուսակցությանը զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև լինել առևտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից:

Ըստ նախագծի՝ կուսակցությունը բոլոր դրամական վճարները կատարելու է անկանխիկ եղանակով: Կուսակցությունը պարտավորվում է օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրել կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ:

Կուսակցությանը նվիրատվություններ չեն թույլատրվում ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանցից, անանուն անձանցից:

Անվազն 4 տարին մեկ համագումար հրավիրելու պահանջն առաջարկվում է կրճատել` դարձնելով 2 տարի:

2020-ի սեպտեմբերից «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի վրա համատեղ աշխատում էին խորհրդարանական աշխատանքային խումբը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---