Նախարար․ 3360 զոհված զինվորի մարմնի կամ մասունքի փորձաքննություն է արվել

Նախարար․ 3360 զոհված զինվորի մարմնի կամ մասունքի փորձաքննություն է արվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմում զոհված 3360 զինծառայողի մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, կատարվել է ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դատաբժշկական ծառայությունն իր հարաբերականորեն փոքր անձնակազմով կատարել է ահռելի աշխատանք։

Նա նշել է նաև, որ դատագենետիկական անալիզատորի աշխատանքի արդյունքում, որը միակն է երկրում, հնարավոր է եղել գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում):

Նախարարը տեղեկացրել է նաև, որ երկրորդ այդպիսի անալիզատորն արդեն Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---