Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

PanARMENIAN.Net - Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի, հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, տեղեկացնում է «Ազատության» ռադիոկայանը։

Առաջարկը, ըստ նրա, արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։

«Օրական կտրվածքով մենք ունենում ենք հարյուրավոր դեպքեր, այդ իսկ պատճառով կարանտինը երկարացվում է», - նշել է Նիկողոսյանը։

Առողջապահության նախարարի խոսնակն ասել է, որ կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, երբ հաստատվի, գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել։

Իշխանությունը մտադիր չէ սահմանափակել հավաքների անցկացումը։ Բայց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը չի բացառել՝ թվերի աճ եղավ, կլինեն նաև խստացումներ՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչպիսի։

«Այս պահին նախագծով նախատեսված չէ, որ կանոնների խստացում կամ թեթևացում լինի։ Դե հետագայում արդեն թողնենք հետագայի վրա, հուսով ենք, որ դրա անհրաժեշտությունը չի ծագի», - ասել է Գևորգյանը։

4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել 2020-ի սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Ըստ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի, ամենայն հավանականությամբ, հունվարի 8-ին գործադիրը կհաստատի այն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---