Վրացական ընկերությունը մարտական ԱԹՍ է ստեղծել

Վրացական ընկերությունը մարտական ԱԹՍ է ստեղծել

PanARMENIAN.Net - Վրացական «ՏԱՄ-մենեջմենթ» ընկերությունը հայտարարել է Տ-31 անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին։ Ընկերության տնօրեն, Թբիլիսիի ավիացիոն գործարանի նախկին տնօրեն Վաժա Թորդիան հայտարարել է, որ այն նախատեսված է ռազմական առաքելություններին մասնակցելու համար։

«Դրոնները շատ պահանջված են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ դրանց հաջող կիրառումից հետո։ Բոլորի ուշադրության կենտրոնում տեսակադրերն էին, որտեղ երևում էր, թե ինչ արդյունավետությամբ են դրանք հարվածներ հասցնում ցամաքային թիրախներին։ Ուստի ամբողջ աշխարհում ռազմական դրոնների հանդեպ ուշադրությունն աճել է։ Շատերն ի դեմս դրանց տեսնում են ապագայի պատերազմների խորհրդանիշը»,- ասել է նա, գրում է Apsny.ge-ն։

Թորդիան ասել է, որ վրացական Տ-31-ը որոշ պարամետրերով գերազանցում է իսրայելյան և թուրքական արտադրության անօդաչուներին, որոնք կիրառել է ադրբեջանական բանակը։

«Սարքը կարող է օդում մնալ 24 ժամ՝ 250 կիլոգրամանոց սպառազինությամբ։ Լրացուցիչ վառելիքային բակի տեղադրման դեպքում թռիչքի տևողությունը կարող է հասնել 72 ժամի»,- ասել է նա։

Նշվում է, որ ընկերությունը պատրաստ է սկսել դրոնների արտադրությունը և համագործակցություն է առաջարկում շահագրգիռ կողմերին։

Հայաստանում վերջին տարինրին ևս խոսում են սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի մասին։ Խոսքը «Կռունկ» սերնդի և «Բազե» անօդաչուների մասին է։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայ ինժեներները սկսել են բարելավել հայկական ԱԹՍ-ները։ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ հայկական արտադրության առաջին հարվածային ԱԹՍ-ն փորձարկվել էր մարտական պայմաններում 2020-ի հուլիսի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ։ Հայկական արտադրության նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են փորձարկվել նաև 2020-ի օգոստոսին, սակայն սերիական արտադրության մասին խոսք չկա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---