Երևանը կբացի Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը գերիների վերադարձի դեպքում

Երևանը կբացի Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը գերիների վերադարձի դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Նախիջևանի հետ, սակայն այդ հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, փոխանցում է Armenpress-ը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին խոսել է «Նախիջևանի միջանցքի» մասին, նշելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա։

Գևորգյանը նշել է, թե Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Նրա խոսքով՝ հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է և այս համատեքստում՝ նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու:

«Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների՝ Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,-ասել է նա։

Գևորգյանը նշել է, որ հայկական կողմը չափազանց կարևոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ընդլայնումը։

Ըստ խոսնակի՝ գերիների թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս և կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը:

«Մինչև հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան և նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ և այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան, այդ թվում՝ միջազգային ատյաններում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին և հայտարարություններին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---