ԱԳՆ․ Եռակողմ հայտարարությունը որևէ սահմանափակում չի դնում տարբեր մակարդակներում ՀՀ և Արցախի կապերի մասով

ԱԳՆ․ Եռակողմ հայտարարությունը որևէ սահմանափակում չի դնում տարբեր մակարդակներում ՀՀ և Արցախի կապերի մասով

PanARMENIAN.Net - ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, թե ՀՀ ԱԳ նախարարի այցն Արցախ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է, նշել է, որ վերջինս որևէ սահմանափակում չի դնում ՀՀ և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով։ Այդ մասին նա ասել է Ինտերֆաքսին։

Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևն իր հերթին հայտարարել է, թե ՀՀ պաշտոնյաների այցերն Արցախ չեն նպաստում հարաբերությունների կարգավորմանը։

Խոսնակն այդ պնդումներն ամբողջովին սին և հիմնազուրկ է անվանել։

«Նոյեմբերի լույս 10-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-ասել է Նաղդալյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է հայկական կողմը գնահատում եռակողմ հայտարարության կատարման ընթացքն Ադրբեջանի կողմից՝ ԱԳՆ խոսնակն ասել է, որ ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ:

«Այսպես՝ եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում և ավարտեն ռազմական գործողությունները: Մինչդեռ ադրբեջանական կողմը հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային կորուստներ և գերեվարելով տեղում գտնվող հայ զինծառայողների: ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է հայտարարության այդ կոպիտ խախտմանն իր դեկտեմբերի 13-ի հայտարարությամբ:

Ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետևանքով ազատ չեն արձակվում հայ ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակում հայտնված անձինք: Ավելին, ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարցում հայ ռազմագերիների հանդեպ և ամենաբարձր մակարդակով նրանց ներկայացնում որպես ահաբեկիչներ՝ փորձելով խոչընդոտել եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը»,-ասել է Նաղդալյանը։

Նա հավելել է, որ ադրբեջանական կողմից նոյեմբերի 10-ի հայտարարության խախտումների դադարեցումն անհրաժեշտ է եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե եթե ՀՀ պաշտոնյաների այցերն Արցախ շարունակվեն, «պատասխանը շատ կոշտ է լինելու»։ Ըստ նրա, ոչ մի օտարերկրյա քաղաքացի, ոչ մի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ, ԿԽՄԿ-ի, առանց Ադրբեջանի թույլտվության չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ «Դա մեր տարածքն է, և ամբողջ աշխարհն այն ընդունում է որպես Արդբեջանի տարածք»,-ասել է նա։

«Թող հայերը չմոռանան պատերազմի մասին։ Այդպիսի այցերին պետք է վերջ դնել։ Զգուշացնում ենք՝ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, Հայաստանն էլ ավելի կփոշմանի»,-ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---