ՄԻՊ․ Ալիևի ելույթի ձևակերումներն ու շեշտադրումները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը

ՄԻՊ․ Ալիևի ելույթի ձևակերումներն ու շեշտադրումները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայերի հասցեին հնչեցրած սպառնալից ելույթին, գրել է, որ այդ ելույթում նա օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են և ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը:

2021-ի հունվարի 7-ին Ալիևը 2020-ի ամփոփմանը վերաբերող իր ելույթում սպառնացել էր հայերին, ասել, որ ՀՀ պաշտոնյաները չեն կարող Արցախ այցելել և ՀՀ-ն պետք է իր զորքերը դուրս բերի Արցախից, իսկ հայ գերիներին «ահաբեկիչ դիվերսանտներ» էր անվանել։ Նա ասել էր նաև, թե ոչ ոք չի կարող այցելել Արցախ առանց Ադրբեջանի թույլտվության։

«Մասնավորապես, ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ, ամբողջ հայ ժողովրդին ահաբեկող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ: Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն. սա իր հերթին ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի` անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից»,-ասվում է ՄԻՊ-ի գրառման մեջ։

Օմբուդսմենը հավելել է նաև, որ Ալիևի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ամբողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջնական ԶՈւ-ի կողմից հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խախտումներով։

Թաթոյանը նշել է, որ ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դատապարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զինվորականները ՀՀ սահմանային բնակիչների ու, առհասարակ, հայ ժողովրդի նկատմամբ:

«Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով`

1. «Բարի գալուստ Ադրբեջան» նշագրումով ու ՀՀ տարածքի մասեր ընդգրկող քարտեզով ցուցանակի տեղադրումը Հայաստանի Սյունիքի մարզի երկու համայնքները` Գորիսն ու Որոտանը, իրար միացնող ճանապարհի միջնամասում ու դա խաղաղ բնակիչներին ահաբեկող եղանակով կատարելը.

2. Սյունիքի խաղաղ բնակավայրերում քաղաքացիական տների վրա ադրբեջանական դրոշներ տեղադրելն ու խաղաղ բնակիչներին ակնհայտ վիրավորող տեսանյութեր հրապարակելը` նրանց նաև ահաբեկելու նպատակով և այլն:

Եվ խաղաղ բնակիչներին սադրող այս գործողություններն արվում են մարդկության դեմ ուղղված ու պատերզմական այն հանցագործությունների ֆոնին, որ այս պատերազմի ընթացքում կատարել են ադրբեջանական զինված ուժերը հայ ժողովրդի նկատմամբ»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ:

Թաթոյանը հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի հունվարի 7-ի ելույթի ձևակորպումներն ու շեշտադրումներնը ոտնահարում են միջազգային մարդասիրական ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքը:

«Դրանք բացարձակ դատապարտելի են, որ շարունակում են պետական ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյաց քաղաքականությունն ու թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---