Ռուբինյան․ Տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը բխում է ՀՀ-ի շահերից

Ռուբինյան․ Տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը բխում է ՀՀ-ի շահերից

PanARMENIAN.Net - Տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրա իրականացման դեպքում կվերականգնվի նաև ՀՀ-ի երկաթուղային կապը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչը տնտեսական նոր հնարավորություններ կարող է ստեղծել, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նա անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայտարարությանը՝ նշելով, թե տրանսպորտային ապաշրջափակման նպատակով ստեղծվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ։

«Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս հայտարարության մեջ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը որևէ կերպ առանձնացված չէ։ Այսինքն՝ այս հայտարարությամբ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման օրակարգը հստակ ֆիքսվում է որպես մեկ ամբողջություն՝ մեկ համատեքստում։ Սա կարևոր դիվանագիտական հաջողություն է»,- հայտարարել է նա։

Ռուբինյանը նաև հիշեցրել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների շուտափույթ փոխանակման հարցը, առայժմ արդյունք չկա, սակայն այն շարունակում է մնալ հայկական կողմի կարևորագույն օրակարգային խնդիրը։ Ըստ նրա՝ այդ հարցում ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը։

Հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եռակողմ հանդիպմանը ստորագրվել է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնագիր։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---